Ստացվել է Քոչարյանի և մյուսների գործով դատարանի որոշումը
Հասարակություն
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քիչ առաջ ստացել եմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից 2021 թվականի ապրլի 06-ին կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի 1-ին մասով ապօրինաբար հարուցված քրեական հետապնդումը հանցագործության դեպքի բացակայության հիմքով դադարեցնելու և վարույթը կարճելու մասին որոշումը։ Որոշման պատճառաբանական մասից ցանկանում եմ մեջբերել երկու հանգամանք, որին սպասում են բոլորը․ Առաջինը՝ ինչու Դատարանը քրեական հետապնդումը դադարեցրեց հենց հանցագործության դեպքի բացակայության հիմքով և երկրորդը՝ ինչպես է Դատարանն արձագանքել դատախազների փաստարկներին՝ Սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ։Առաջին հարցի մասով Դատարանն իր որոշման մեջ, վկայակոչելով վերաբերելի նորմատիվ իրավական ակտեր, նշել է հետևյալը․ <<Նկատի ունենալով, որ արարքը քրեականացնող նորմի բացակայության պայմաններում հնարավոր չէ փաստել հանցագործության հատկանիշներին համընկնող իրադարձության առկայությունը, որի շուրջ կարող են ծավալվել քրեաիրավական հարաբերություններ, դատարանը գտնում է, որ անվավեր ճանաչվելու հետևանքով ուժը կորցրած իրավադրույթի վրա հիմնված մեղադրանքով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով>>։