Ռուս տիեզերագնացը պատկերել է, թե Միջազգային տիեզերակայանից ինչ տեսք ունի Սուեզի ջրանցքում արգելափակված բեռնանավը (լուսանկարներ)
Հասարակություն
Ռուս տիեզերագնաց Սերգեյ Կուդ-Սվերչկովը լուսանկարել է Սուեզի ջրանցքում խցանված և ջրանցքի հարավային մասում երթևեկությունն արգելափակած Ever Given բեռնանավը: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ լուսանկարները տիեզերագնացը հրապարակել է իր թվիթերյան էջում:
«Ահա այսպիսի տեսք ունի դա Միջազգային տիեզերակայանից: Երևում է, թե ինչպես է քարշակող տեխնիկան փորձում տեղից շարժել հսկային»,- լուսանկարներին կից գրել է Կուդ-Սվերչկովը:
Ever Given նավը, որը պատկանում է ճապոնական Shohei Kisen ընկերությանը և նավարկում է Պանամայի դրոշի ներքո, երեքշաբթի օրը ուժեղ քամու և ավազամրրիկի պատճառով փոխել է ընթացքի ուղղությունն ու քթամասով բախվել հակառակ ափին՝ արգելափակելով Սուեզի ջրանցքի միակողմանի գոտին: Քարշակների օգնությամբ այն դուրս բերելու փորձերն անհաջող էին: Օգտագործվել է հատուկ տեխնիկա, որի օգնությամբ նավի առաջնամասի տակից հանվել է ավելի քան 17 000 տոննա ավազ:

