Կմիանա՞ Վրաստանը Հայաստանի գազային բլոկադային
Հասարակություն
Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ ռուսական գազը Հայաստան ժամանակավորապես մատակարարվելու է Ադրբեջանի տարածքով: Պատճառը, ըստ ռուսական զլմների, «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» Վրաստանով անցնող գազատարի պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքներն են, որոնք կտեւեն 3 շաբաթ: Ըստ հաղորդագրության, Բաքվի ՍՈԿԱՐ պետական նավթային ընկերությունը եւ Գազպրոմը համապատասխան պայմանագիր են կնքել: Ընդ որում, պայմանագիրը կնքել են մարտի 16-ին՝ ռուս-թուրքական պայմանագրի ժամկետի ավարտի օրը:
Նախկինում էլ գազատարի վրա պլանային աշխատանքներ էին տարվում, Հայաստանն օգտագործում էր պահեստավորած գազը մինչեւ այդ աշխատանքների ավարտը: Հայաստանի գազի պաշարնե՞րն են սպառվել, թե գործ ունենք եռակողմ համաձայնագրով «հաղորդակցությունների ապաարգելափակման» հետ: Նկատի առնելով, որ հաղորդակցությունների ապաարգելափակումը եռակողմ համաձայնագրի եւ դրա իրագործման տրամաբանությամբ նշանակում է Հայաստանի լիարժեք շրջափակում, չի բացառվում, որ այս հանգամանքը Հայաստան մտնող գազը Բաքվի վերահսկողության տակ դնելու «փորձարկում է»:
Նման փորձ արդեն կա. 1992-ին Հայաստանի գազային բլոկադան Բաքվին առաջարկել էր Ռուսաստանը: Բացի այդ, գազն այս տարիներին ռուսների համար մնաց որպես Հայաստանը խեղդելու միջոց: Ներկայում, երբ Գազպրոմը կորցնում է միջազգային շուկաները եւ ստիպված է էժան վաճառել գազը, միայն Հայաստանն է, որտեղ այդ վառելիքը թանկացրել են:
Հայաստանը պետք է ուշադիր լինի այս հարցերում եւ առաջարկի այլընտրանքներ, եթե Ռուսաստանի խնդիրն իսկապես գազատարի պլանային աշխատանքներն են: Օրինակ, Երեւանը կարող է Մոսկվային առաջարկել նավերով հեղուկ գազ տեղափոխել Տրաբզոն, այնտեղից էլ երկաթուղով դեպի Կարս ու Երեւան: Դա նույնպես հաղորդակցությունների ապաարգելափակում է, այն էլ՝ իրական: Այլապես հայերը ստիպված են լինելու դիմել ամերիկյան հեղուկ գազը Փոթիով ներկրելու եղանակին: