Ծառուկյանը բացահայտել է, թե ինչ գերթանկարժեք գնում կկատարի UFC-ի չեմպիոն դառնալու դեպքում
ՍպորտUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը կիսվել է իր ապագա ծրագրերով՝ հայտարարելով, որ չեմպիոնական գոտին նվաճելու դեպքում պատրաստվում է անձնական ինքնաթիռ ձեռք բերել։
Ադամ Զուբայրայևին տված հարցազրույցում հաստատելով, որ դա իր առջև դրված հստակ նպատակ է՝ մարտիկը նշել է.
«Կարծում եմ՝ մինչև ամռան վերջ կգնեմ այն։ Եթե հունիսին կամ հուլիսին նվաճեմ տիտղոսը, ապա օգոստոսին ինքնաթիռ ձեռք կբերեմ։ Հնարավոր է՝ դա անեմ ծննդյանս օրը՝ հոկտեմբերի 11-ին։ Երբ 19 կամ 20 տարեկան էի, ցանկանում էի 30-ամյակիս Rolls-Royce Cullinan գնել, բայց այժմ նպատակս ինքնաթիռն է։ Ամերիկայում ամեն ինչ հնարավոր է, սա հնարավորությունների երկիր է», — նշել է Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ 29-ամյա մարտիկը խառը մենամարտերում (MMA) անցկացրել է 26 գոտեմարտ՝ տանելով 23 հաղթանակ։