ԱԹՍ-ները հարված են հասցրել Իրաքի Հյուսիսային Ռումայլա նավթավայրին. վիրավորվել է երեք բանվոր
ՔաղաքականությունՇաբաթ օրը երկու ԱԹՍ-ներ հարված են հասցրել Իրաքի հարավում գտնվող և բրիտանական «British Petroleum» (BP) ընկերության կողմից շահագործվող «Հյուսիսային Ռումայլա» նավթավայրին։ Հարվածի հետևանքով երեք իրաքցի բանվոր է վիրավորվել։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով անվտանգության ծառայության և էներգետիկ ոլորտի իր աղբյուրներին:
Հարձակումը տեղի է ունեցել այն բանից քիչ անց, երբ մեկ այլ անօդաչու թռչող սարք հարվածել է նավահանգստային Բասրա քաղաքից դեպի արևմուտք գտնվող պահեստային տարածքներին։ Այդ տարածքները պատկանում են օտարերկրյա նավթային ընկերություններին։
Նավթավայրում աշխատող երկու իրաքցի ինժեներների փոխանցմամբ՝ ԱԹՍ-ների հարվածները չեն ազդել Իրաքի հսկայական «Ռումայլա» հանքավայրի այդ հատվածի գործառնությունների վրա, քանի որ թիրախում եղել է սարքավորումների պահեստը: