Լրահոս
Կարևոր


Արևելք, թե Արևմուտք. մենք պետք է որոշենք՝ ուզում ենք ունենալ պետությո՞ւն, թե՞ պարզապես դրա արտաքին տեսքը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքակրթական ինքնությունը ձևավորվել է յուրահատուկ համադրության մեջ։ Մի կողմից՝ քրիստոնեական մշակույթն ու կրթական ավանդույթները մեզ մոտեցնում են եվրոպական՝ Արևմտյան քաղաքակրթությանը։ Մյուս կողմից՝ մեր սոցիալական վարքագիծը, ընտանիքի և համայնքի դերը, պետության նկատմամբ ընկալումները և պատմականորեն ձևավորված միջանձնային հարաբերությունները կապում են մեզ Արևելքի հետ։ Սա հակասություն չէ, այլ ընտրության հենքը, որտեղ պետք է կառուցվի ներքին համաձայնություն՝ արտաքին կողմնորոշումը ճշգրիտ որոշելու համար։ Քաղաքակրթական միջուկը, որի հիմքում ընկած են մեր նախկին ժառանգությունը՝ քրիստոնեության վաղ ընդունում, գրական և կրթական ավանդույթներ, համայնքային կառուցվածքներ, այսօր շարունակում է որոշել Հայաստանի ուղին։ Իրական արժեքը ոչ միայն անցյալի կրող լինելն է, այլ նաև այն կարողանում է ուղղորդել, հավասարակշռել և ձևավորել պետության ներքին ինստիտուցիոնալ և արժեհամակարգային կառուցվածքը՝ Արևելքի և Արևմուտքի ազդեցության խառնուրդի խաչմերուկում։

Հայաստանը այսօր կանգնած է մի հարցի առաջ, որը հաճախ ձևակերպվում է պարզունակ, բայց իրականում ունի խորքային և նույնիսկ քաղաքակրթական բովանդակություն. մենք Արևե՞լք ենք, թե՞ Արևմուտք, և ո՞ր ուղղությամբ պետք է շարժվի մեր քաղաքական ու տնտեսական զարգացումը։ Սակայն այս հարցը հնարավոր չէ հասկանալ, եթե այն դիտարկենք որպես ընտրություն երկու բևեռների միջև։ Ժամանակակից աշխարհը վաղուց դուրս է եկել այդ պարզ երկբևեռ տրամաբանությունից, իսկ Հայաստանի իրականությունը՝ իր պատմությամբ, աշխարհագրությամբ և հոգևոր ինքնությամբ, առավել ևս չի տեղավորվում այդ սև-սպիտակ բաժանման մեջ։

Հայաստանն այսօր կանգնած չէ պարզապես աշխարհաքաղաքական ընտրության առաջ։ Խնդիրը շատ ավելի խորն է. մենք կանգնած ենք ինքներս մեզ հասկանալու անհրաժեշտության առաջ։ Որովհետև այն պետությունը, որը չի հասկանում իր ներսի կառուցվածքը, չի կարող ճիշտ ընտրել իր արտաքին ուղղությունը։ Եվ որքան էլ խոսենք Արևելքից կամ Արևմուտքից, իրականում մեր ամենօրյա որոշումները կայացվում են ոչ թե միջազգային հարթակներում, այլ պետական համակարգի ներսում՝ այն կետերում, որտեղ քաղաքացին առաջին անգամ բախվում է պետությանը։

Հայաստանի քաղաքակրթական ինքնությունը և միջուկը ձևավորվել է որպես յուրահատուկ համադրություն։ Քրիստոնեության վաղ ընդունումը, հոգևոր մշակույթը, գրական և կրթական ավանդույթները մեզ մոտեցնում են եվրոպական՝ Արևմտյան քաղաքակրթական շրջանակին, ինչը մեր համար ավելի հոգեհարազատ է։ Միևնույն ժամանակ, մեր սոցիալական վարքագիծը, ընտանիքի և համայնքի դերը, պետության նկատմամբ ընկալումները և ձևավորված միջանձնային հարաբերությունները մեզ կապում են Արևելքի հետ։ Սա հակասություն չէ, այլ իրականություն. Հայաստանը ոչ թե բաժանված է, այլ կազմված է այդ երկու շերտերի համադրումից, որոնք մեր ինքնության բաղկացուցիչ մասն են։

Այդ պատճառով էլ փորձերը՝ մեզ «մաքուր» դասակարգել որպես Արևելք կամ Արևմուտք, ոչ միայն սխալ են, այլ նաև վտանգավոր, որովհետև բերում են սխալ քաղաքական ընտրությունների։

Այսօր աշխարհը ինքնին անցում է ապրում դեպի նոր կառուցվածք։ Այն, ինչ երկար ժամանակ ներկայացվում էր որպես մեկ գերիշխող մոդել, աստիճանաբար վերափոխվում է բազմաբևեռ համակարգի։ Մի կողմից՝ ԱՄՆ-ի առաջնորդությամբ ձևավորված լիբերալ-դեմոկրատական աշխարհն է՝ իր ինստիտուտներով, իրավական պետության գաղափարով և անհատի ազատության առաջնայնությամբ։ Եվ կա նաև Ռուսաստանը, որը շեշտադրում է անվտանգությունը, ինքնիշխանությունը և ուժային հավասարակշռությունը։ Մյուս կողմից՝ Չինաստանը՝ իր պետականակենտրոն, տեխնոկրատական և երկարաժամկետ պլանավորման վրա հիմնված մոդելով։ Այս երեք միջազգայի բևեռները և ուղղությունները ոչ միայն մրցում են, այլ նաև առաջարկում են տարբեր արժեհամակարգեր և տնտեսական կազմակերպման ձևեր։

Այս համատեքստում փոքր երկրները, ինչպիսին Հայաստանն է, չեն կարող իրենց թույլ տալ շքեղություն՝ ամբողջությամբ նույնականանալ միայն մեկ բևեռի հետ։ Դրանք ստիպված են ընտրել ավելի բարդ, բայց ավելի կենսունակ ճանապարհ՝ համադրության, հավասարակշռման և ճկունության։ Սա ոչ թե թուլության նշան է, այլ հակառակը՝ պետական մտածողության բարձր մակարդակի դրսևորում։

Արժեհամակարգի հարցը այստեղ առանցքային է, որովհետև այն անմիջականորեն կապված է տնտեսական զարգացման մոդելի հետ։ Արևմտյան համակարգը հիմնված է մրցակցության, ինստիտուցիոնալ վստահության, օրենքի գերակայության և նորարարության վրա։ Այս միջավայրում ֆինանսական համակարգերը, այդ թվում՝ կենտրոնական բանկերը, գործում են անկախ և ապահովում են կանխատեսելիություն։ Սա այն միջավայրն է, որտեղ ներդրումները, տեխնոլոգիաները և երկարաժամկետ աճը դառնում են հնարավոր։ Մյուս կողմից՝ արևել յան մոդելները հաճախ առաջարկում են ավելի կենտրոնացված կառավարում, որտեղ պետությունը ուղղորդում է տնտեսական զարգացումը, պաշտպանում ռազմավարական ճյուղերը և կարողանում է արագ հավաքագրել ռեսուրսները։ Այս մոդելը կարող է ապահովել արագ աճ, բայց հաճախ՝ ինստիտուցիոնալ թափանցիկության և մրցակցության սահմանափակման հաշվին։

Եվ հենց այստեղ է, որ հարցը՝ «Արևե՞լք, թե՞ Արևմուտք», աննկատ տեղափոխվում է շատ ավելի կոնկրետ և որոշիչ՝ ինստիտուտների որակի հարթություն։ Որովհետև իրական ընտրությունը սկսվում է ոչ թե արտաքին քաղաքականությունից, այլ ներսից՝ պետական համակարգի խորքից։ Այն սկսվում է դատարանի դահլիճից, որտեղ որոշվում է՝ օրենքը իրական ուժ ունի, թե այն ընդամենը ձևականություն է։ Այսօր հաճախ կարելի է լսել հասարակության մեջ մի ձևակերպում, որը առաջին հայացքից կարող է չափազանցված թվալ, բայց իրականում արտացոլում է խորքային հիասթափություն. «Անօրինականը մտնում է դատարան և դուրս է գալիս օրինականացած»։ Այս միտքը վտանգավոր է ոչ միայն իր կոշտության պատճառով, այլ որովհետև այն աստիճանաբար վերածվում է հանրային համոզմունքի։ Իսկ երբ նման համոզմունքը արմատավորվում է, պետության հիմքերը սկսում են ճաքել և խարխլվել։

Իհարկե, դատարանը չի կարող անօրինականը դարձնել օրինական բառի բուն իմաստով։ Դատարանը չի ստեղծում օրենք, այլ կոչված է կիրառելու այն։ Սակայն երբ օրենքի կիրառումը դառնում է ձևական, երբ իրավական հիմնավորումը փոխարինում է արդարությանը, առաջանում է մի իրավիճակ, որտեղ ստեղծվում է օրինականության պատրանք։ Որոշումները գրվում են օրենքի լեզվով, պարունակում են հոդվածներ, հղումներ և ձևակերպումներ, բայց իրենց էությամբ կարող են հակասել արդարության բուն գաղափարին։ Եվ հենց այստեղ է, որ քաղաքացին սկսում է զգալ խզում իրականության և իրավական ձևակերպման միջև։ Այս խզումը պատահական չէ։ Այն ունի ինստիտուցիոնալ և արժեհամակարգային պատճառներ։ Եթե դատարանը լիովին անկախ չէ կամ գտնվում է տարբեր տեսակի ճնշումների ներքո, ապա այն սկսում է գործել ոչ թե որպես հակակշիռ, այլ որպես համակարգի ներսում հավասարակշռություն պահպանող մեխանիզմ։ Այդ դեպքում դատարանը այլևս չի հարցադրում, այլ հաստատում է։ Իսկ երբ դատարանը դադարում է հարցադրում անելուց, այն աստիճանաբար կորցնում է իր հիմնական առաքելությունը՝ պաշտպանել իրավունքը։

Սակայն խնդիրը միայն ինստիտուցիոնալ չէ։ Ավելի խոր մակարդակում սա արժեհամակարգի խնդիր է։ Եթե համակարգում գերակայում է ոչ թե արդարության գաղափարը, այլ ենթակայությունը, վախը կամ կարճաժամկետ շահը, ապա նույնիսկ լավագույն օրենքները չեն կարող աշխատել։ Օրենքը մնում է թղթի վրա, իսկ իրական որոշումները ձևավորվում են այլ տրամաբանությամբ։ Այդ դեպքում դատարանը դառնում է ոչ թե արդարության վայր, այլ ձևական գործընթաց, որի միջոցով արդեն իսկ ընդունված որոշումները ստանում են իրավական տեսք։

Ամենավտանգավորը նույնիսկ անարդար որոշումը չէ, այլ այն պահը, երբ անարդարությունը դադարում է ընկալվել որպես շեղում և սկսում է ընկալվել որպես նորմ։ Այդ պահին հասարակությունը հարմարվում է, սպասումները չեն արդարանում և դառնում են իռացիոնալ, և արդարության պահանջը փոխարինվում է հարմարվողականությամբ։ Սա այն կետն է, որտեղ պետությունն սկսում է կորցնել ոչ թե իր արտաքին դիրքերը, այլ իր ներքին իմաստը։ Որովհետև պետությունը գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքացին հավատում է, որ արդարությունը հնարավոր է։

Այս երևույթը ունի շատ կոնկրետ հետևանքներ, որոնք դուրս են գալիս միայն իրավական ոլորտից։ Երբ քաղաքացին կորցնում է վստահությունը դատարանի նկատմամբ, նա կորցնում է վստահությունը պետության նկատմամբ։ Երբ ներդրողը տեսնում է, որ վեճերը կարող են լուծվել ոչ կանխատեսելի ձևով, նա սկսում է խուսափել այդ միջավայրից։ Երբ բիզնեսը վստահ չէ, որ իր իրավունքները պաշտպանված են, այն դադարում է երկարաժամկետ պլանավորումից։ Արդյունքում տնտեսությունը դառնում է ավելի փակ, ավելի ռիսկային և ավելի կախված արտաքին գործոններից։ Սա հենց այն կետն է, որտեղ իրավական համակարգը կապվում է այն մեծ հարցի հետ, թե Հայաստանը դեպի որ մոդելն է շարժվում։ Արևմտյան մոդելի հիմքում ընկած է այն գաղափարը, որ դատարանը պետք է սահմանափակի իշխանությունը և պաշտպանի անհատի իրավունքը։ Արևելյան մի շարք մոդելներում դատարանը հաճախ ավելի շատ համակարգի մաս է, քան դրա հակակշիռը։ Այս տարբերությունը տեսական չէ.այն ունի անմիջական ազդեցություն տնտեսական զարգացման, ներդրումային միջավայրի և պետական կայունության վրա։

Հայաստանը չի կարող արդյունավետ զարգանալ առանց վստահելի ինստիտուտների՝ անկախ դատարանների, կանխատեսելի տնտեսական քաղաքականության և մրցակցային միջավայրի։ Սա Արևմտյան մոդելի այն մասն է, որը պարզապես այլընտրանք չունի, եթե երկիրը ցանկանում է ունենալ կայուն տնտեսական աճ և ինտեգրվել գլոբալ շուկաներին։ Միևնույն ժամանակ, Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ լիովին հրաժարվել պետության ակտիվ դերից, որովհետև ունի անվտանգային լուրջ մարտահրավերներ, սահմանափակ շուկա և աշխարհաքաղաքական բարդ միջավայր։ Այստեղ անհրաժեշտ է պետական ռազմավարություն, որը կկարողանա ուղղորդել ռեսուրսները, խթանել առաջնահերթ ոլորտները և պաշտպանել ազգային շահերը։

Այս երկակիությունը իրականում խնդիր չէ, եթե այն ճիշտ է կառավարվում։ Աշխարհում կան օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ նման համադրությունը ոչ միայն հնարավոր է, այլ նաև արդյունավետ։ Սինգապուրը և Հարավային Կորեան վաղուց իրենց զարգացման ճանապարհին կարողացել են համատեղել Արևմտյան ինստիտուցիոնալ համակարգերը և Արևելյան պետական ռազմավարությունը՝ ստեղծելով մրցունակ և դինամիկ տնտեսություններ։ Իհարկե, Հայաստանը չի կարող ուղղակի պատճենել այս մոդելները, բայց կարող է հասկանալ դրանց տրամաբանությունը։

Պետությունների ճակատագրերը որոշվում են ոչ միայն պատերազմներով և դաշինքներով, այլ շատ ավելի «աննկատ» տեղերում՝ դատարանների դահլիճներում, վարչական որոշումներում և այն պահերին, երբ անհատը մենակ կանգնած է համակարգի դիմաց։ Եթե այդ պահին նա տեսնում է արդարություն, պետությունը ուժեղանում է։ Եթե տեսնում է ձևականություն, պետությունը թուլանում է։ Եվ այս իմաստով Հայաստանի ամենամեծ ընտրությունը ոչ թե աշխարհաքաղաքական է, այլ բարոյաիրավական. մենք պետք է որոշենք՝ ուզում ենք ունենալ պետություն, թե պարզապես դրա արտաքին տեսքը։

Այսպիսով, հարցը՝ «ո՞ւր գնանք», իրականում փոխակերպվում է ավելի կարևոր հարցի՝ «ինչպե՞ս կառուցենք մեր պետությունը»։ Եվ դրա պատասխանը որոշվում է ոչ միայն արտաքին քաղաքականությամբ, այլ ամեն օր կայացվող կոնկրետ որոշումներով։ Պետությունը չի կառուցվում հայտարարություններով, այն կառուցվում է գործնական արդարությամբ և զարգացման իրատեսական նախագծերով և ծրագրերով։ Ամեն մի զարգացման իրատեսական ծրագիր, ամեն մի դատական որոշում, որը արդար է ոչ միայն ձևով, այլ նաև բովանդակությամբ, ուժեղացնում է պետությունը։ Եվ հակառակը՝ ամեն մի որոշում, որը ստեղծում է անարդարության զգացում, թուլացնում է այն՝ անկախ նրանից, թե որքան ճիշտ է ձևակերպված իրավական տեսանկյունից։

Հայաստանի ապագան կախված է ոչ միայն արտաքին կողմնորոշումից, այլ առաջին հերթին նրանից, թե արդյոք մենք կկարողանանք վերականգնել այդ հիմնարար կապը օրենքի և արդարության միջև։ Որովհետև հենց այդ կապն է որոշում՝ մենք լինելու ենք ազդեցությունների խաչմերուկ, թե կայացած, ինքնուրույն և զարգացող պետություն։ Ըստ էության, Հայաստանի իրական ընտրությունը սկսվում է ներսից՝ այնտեղ, որտեղ անցյալի ժառանգությունը, օրենքն ու ինստիտուտները ձևավորում են պետության ուղին։ Հայաստանի քաղաքակրթական միջուկը, իր բազմազանությամբ և տարողունակությամբ, ցույց է տալիս, որ երկրի իրական զարգացման ուղին չի սահմանափակվում պարզ աշխարհաքաղաքական ընտրությամբ՝ Արևելք կամ Արևմուտք։ Հակառակը, այս ներքին բազմաշերտ կառուցվածքը տալիս է Հայաստանին այն ներուժը, որը թույլ է տալիս ուղղորդել պետության ներքին ինստիտուցիոնալ կառուցվածքը, պահպանել արժեքային հավասարակշռությունը և ձևավորել կայուն, արդար և կանխատեսելի հասարակական միջավայր։ Քաղաքակրթական բազմաշերտությունը, անցյալի ժառանգության և արդի մարտահրավերների խաչմերուկում, ստեղծում է հիմք ճկուն, հաշվարկված և կայուն քաղաքական ու տնտեսական զարգացման համար։ Հայաստանի ընտրությունը, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ոլորտում, վերջնականապես պայմանավորված է ոչ միայն աշխարհաքաղաքական կողմնորոշմամբ, այլ ներքին արդարության, օրենքի և ինստիտուտների ամրությամբ։ Իրականում սա է այն ուղենիշը, որը կարող է ապահովել, որ Հայաստանը մնա ազդեցությունների խաչմերուկից դուրս՝ կայացած, ինքնուրույն և զարգացող պետություն։ Հայաստանի ճակատագիրը սկսվում է ներսից՝ այնտեղ, որտեղ օրենքն ու արդարությունը հանդիպում են քաղաքակրթական բազմաշերտ իրականությանը։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ՝ Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը․ Տիգրան Աբրահամյան Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանԱնատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԻրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի ԱլոնսոնՆիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ ԱլեքսանյանՄոռացվող արժեհամակարգի մասին. Արման ՊետրոսյանՍելին Դիոնը հայտարարել է բեմ վերադառնալու մասին. երգչուհին պատրաստ է Փարիզում կայանալիք մեծ շոուին Դուք մի հատ դեռ պիտի արժանի լինեք Արթուր Ավանեսյանի անունը տալու. Արեգա ՀովսեփյանԸնդդիմության շարքերում «հունիսի 7-ից հետո կյանք կա» ասողները հող են նախապատրաստում սեփական հնարավոր պարտությունն արդարացնելու համար. Աննա ԿոստանյանԼեհաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ին տրամադրել իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը. Լեհաստանի պաշտպանության նախարարԹրամփը պատրաստ է ավարտել պшտերազմն Իրանի դեմ, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա. The Wall Street JournalՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի արտադրության և իրացման շուկայում անցկացված վերահսկողության արդյունքների մի մասը«Ես ամաչում էի «ոչ» ասել, ինձ վնասելով գնում էի այնտեղ, ուր չէի ուզում գնալ, հիմա հաճույքով եմ «ոչ» ասում». Մկրտիչ ԱրզումանյանՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից համապետական ընտրություններին մասնակցելու վերաբերյալԲացառիկ Լուսավոր Երիտասարդություն՝ Ապագայի Նպատակով․ Էդմոն ՄարուքյանԻրավունքը պետք է գերակայի և կգերակայի․ Արամ ՎարդևանյանԻՀՊԿ-ն Պարսից ծոցում խnցել է իսրայելական բեռնատար նավ Ամենամեծ պռովոկատորը ամենուր փնտրում է պռովոկացիա. Արշակ ԿարապետյանԻրակլի Կոբախիձեն և Մարկո Ռուբիոն քննարկել են Հարավային Կովկասում Վրաստանի՝ որպես ուժեղ գործընկերոջ դերի ուժեղացման կարևորությունըՉկա տղա, որ իր մորը չպաշտպանի, կադրերն էլ ուշադիր զննեք. ընդդիմություն, դու հանկարծ ծպտուն չհանես․ Արշակ Կարապետյան Ո՛չ, տիկին Հակոբյան, մեր զինվորները դասալիք չեն. Արթուր ԱվանեսյանԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Times of Israel«ՀայաՔվեն» մշտապես պաշտպանել է հայ ազգի և յուրաքանչյուր հայի իրավունքները․ Ավետիք ՉալաբյանԿարևորում ենք մարզերում բնակիչների հետ անմիջական շփումները․ Մենուա Սողոմոնյան.Համախմբումն այլընտրանք չունի․ հանուն՝ անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ և ուժեղ Հայաստանի․ Նաիրի ՍարգսյանԱշտարակը դարձավ Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» ֆոտոցուցահանդեսի արդեն 5-րդ կանգառըԱյս իշխանություններն իրագործում են Բաքվի և Անկարայի թելադրած օրակարգը․ Ատոմ ՄխիթարյանԱդրբեջանը հետևողականորեն կեղծում է պատմությունը՝ Փաշինյանի աջակցությամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուժեղ Հայաստան»-ը դաշինք կազմեց երկու ուժերի հետ Քրեական գործ դպրոցականների նկատմամբ Ընդդիմության բաժանվածությունը՝ իշխանության գլխավոր առավելությունը Փոփոխությունը գալու է Սամվել Կարապետյանի ուժով. քաղաքական գործիչները անցած ճանապարհ պիտի ունենան. Նարեկ Կարապետյան Ես ուղղակի հիացած եմ, որ առայսօր, ում հետ հանդիպել եմ, որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» Ինչ ունենք մենք այսօր, դա մեր քաղաքական համակարգի անկատարության արդյունքն է եղել. Նարեկ ԿարապետյանՓոփոխությունը գալու է Կարապետյանի ուժով. Նարեկ Կարապետյան Ռուսաստանի կոշտ մերժումը Փաշինյանին