Շաքարավազի գների բարձրացման պատճառները
ՀասարակությունՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում տեղի է ունեցել շաքարավազի իրացման մանրածախ գնի բարձրացում, որի պատճառների բացահայտմանն ուղղված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է հետևյալը.
շաքարավազի ներմուծման միջին գները բարձրացել են շուրջ 22%-ով,
շաքարեղեգի հումքի ներմուծման միջին գինը 1 կգ-ի հաշվով ավելացել է շուրջ 2%-ով,
տեղի է ունեցել ՀՀ դրամի արժեզրկում ԱՄՆ դոլարի և ՌԴ ռուբլու նկատմամբ՝ շուրջ 4%-ով,
շաքարավազի իրացման գների վրա էական ազդեցություն է ունենում տնտեսվարող սուբյեկտի պահեստներում առկա շաքարավազի մնացորդների ծավալը,
շաքարավազի իրացման գների վրա էական ազդեցություն է ունենում տնտեսվարող սուբյեկտի կողմից կիրառվող պահեստավորման մեթոդը (միջին կշռված, ֆիֆո, լիֆո):
Վերը թվարկված գործոններն իրենց ազդեցությունն են ունեցել շաքարավազի շրջանառության պայմանների և գների վրա, ինչի արդյունքում 2020 թվականի դեկտեմբերի 1-ի համեմատությամբ (328 դրամ) շաքարավազի միջին մանրածախ գինը 2021 թվականի հունվարի 11-ին բարձրացել է շուրջ 5%-ով (344 դրամ), իսկ այդ թանկացման համաչափությունը հստակ գնահատելու համար անհրաժեշտ է իրականացնել առավել համապարփակ և երկարաժամկետ ուսումնասիրություն։
Հարկ է նշել, որ մշտադիտարկումների արդյունքում 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նույնպես արձանագրվել էր կիլոգրամով իրացվող շաքարավազի մանրածախ գների բարձրացում (6-7%), որի պատճառների բացահայտմանն ուղղված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ հանձնաժողովը հանդես էր եկել պարզաբանմամբ:
2017 թվականի դեկտեմբերին շաքարավազի իրացման միջին մանրածախ գինը կազմել է 337 դրամ, 2018 թվականի դեկտեմբերին՝ 279։