Լրահոս
Կարևոր


«Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի մասին հայտարարությունները շատ տրամաբանական են, նա «բացում» է այն, ինչ երկար ժամանակ մտածել է». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն էր այն գործիչը, որ մեր իրականություն ներմուծեց «իրական ու պատմական Հայաստանների» դիսկուրսը: Կարծիք կա, որ այս կերպ նա փորձում է կտրել Սփյուռքին Հայաստանից, ամեն ինչ անում է, որ Սփյուռքը դադարի մեր պետության համար գործոն լինել։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն այս հարցին անդրադառնալիս առաջարկում է սկսել «իրական Հայաստան և պատմական Հայաստան» հայեցակարգից: «Մեր ընթերցողները կարող են որոնողական համակարգում փնտրել SETA հետազոտական կենտրոնը: Դա Թուրքիայի պետական քաղաքականությունն իրականացնող, պետական քաղաքականությունը մշակող կարևորագույն հետազոտական կենտրոններից մեկն է: Այն աշխարհի հիսուն տարբեր երկրներում նախագծեր է իրականացնում: Նրա՝ 2025 թվականին ներկայացված գնահատականներն այն մասին են, թե ինչպիսին են լինելու իրադարձությունները, այդ թվում՝ Հարավային Կովկասում: Հայաստանին վերաբերող բաժնում անդրադարձ կա մեր նշած՝ «իրական Հայաստան և պատմական Հայաստան» հայեցակարգին: Այնտեղ բառացիորեն նշում են, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի այն քաղաքական գործիչն է Հայաստանում, որ կարողացավ խզել այդ կապն իրական ու պատմական Հայաստանի միջև: Դա խիզախ քայլ են որակում: Ուզում եմ հասկանանք, թե այդ հայեցակարգը, որպես այդպիսին, որտեղից է գալիս, ովքեր են դրա իրական կնքահայրերը: Ընթերցողներն էլ, սա նկատի ունենալով, պետք է վերլուծություններ անեն այս իշխանության ծագումնաբանության առումով:

Ինչ վերաբերում է Սփյուռքի հետ կապերը խզելուն, նույն թուրքական պաշտոնյաները քանիցս հայտարարել են, որ Սփյուռքը բացասական ազդեցություն ունի Հայաստանի վրա, որ, ինչպես իրենք են կոչում, «ռևանշիստական ուժերը» սնվում են Սփյուռքի միջոցով և այլն: Տրամաբանությունը մեզ հուշում է, որ, այո՛, ցանկանում են ընդհանրապես խզել կապերը հին, ավանդական Սփյուռքի հետ, որը ձևավորվել է Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Մյուս կողմից՝ լիակատար անտարբերություն է Ադրբեջանում ընթացող դատավարությունների նկատմամբ։ Սա նույն՝ Արցախը մոռանալու, դրա մասին այլևս չխոսելու «քաղաքականության» տիրույթո՞ւմ է՝ չկա հարց, չկան խնդիրներ։ Դատավարության, Արցախը մոռացության տալու մասով քաղաքագետն առաջարկում է հարցին մի փոքր այլ տեսանկյունից նայել:«Սովոր ենք շատ դեպքերում վերլուծել իրողությունները՝ ելնելով ազգային, պետական շահերից, այսպես ձևակերպեմ՝ գոնե հրապարակային դաշտում վերլուծությունները հիմնական այս տիրույթում են ընթանում: Եկեք փորձենք հարցին այլ տեսանկյունից նայել:

Քաղաքականությունը որոշակի էլիտար խմբերի պայքարն է իշխանության հասնելու համար: Եթե այս տրամաբանությամբ մոտենանք գործընթացներին, ստացվում է հետևյալը՝ ազատվելով Արցախի Հանրապետությունից, ազատվելով Արցախում գործունեություն ծավալած որոշակի քաղաքական գործիչներից, միավորումներից և այլն՝ Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական պայքարի շրջանակներում ազատվել է մրցակիցներից: Ասեմ ավելին՝ եթե մի փոքր հետ նայենք՝ մեր նորանկախ պետության պատմությանը, կտեսնենք հետևյալը, որ 1998 թվականին, երբ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ, այն Հայաստան եկավ նաև Արցախից: Այդ ալիքը «սրբեց» նաև Նիկոլ Փաշինյանի գաղափարական հայրերին: Հետագայում տեսանք, որ, ցավոք, իշխանությունից «սրբվեցին», բայց քաղաքական, պետական, հասարակական համակարգում շատ խոր արմատներ են տվել: 1998 թվականին դրա փորձը եղել է: Եթե այս տրամաբանությունից դիտեք, Նիկոլ Փաշինյանին ձեռք էր տալիս Արցախի անկումը և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության բանտարկումը՝ ելնելով նրանից, որ քաղաքական դաշտում նա ազատում է իր համար մանևրելու տարածքը, որովհետև այն ուժերը, որոնք կարող էին իր համար մրցակից լինել, այլևս գոյություն չունեն: Եթե այս տրամաբանությամբ դիտարկենք իրադարձությունները, կհասկանանք, թե այս լռությունը, հանգիստ վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ որտեղից է գալիս»,-նշում է մեր զրուցակիցը:

Հայաստանում այսօր գլուխ են բարձրացնում սոցիալական խնդիրները, արտաքին մարտահրավերները չեն պակասում, եթե չասենք՝ ավելանում են։ Զուգահեռ իրականությունում Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն: Ի՞նչ իրավիճակում ենք հիմա: «Եթե Փաշինյանը նման գնահատական է տալիս, ապա ունենք առնվազն իրավունք մտածելու, որ նույն մտայնությունը նա ուներ 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ կոչ էր անում քաղաքացիներին զինվորագրվել, որպես կամավորներ գնալ մարտի դաշտ: Փաստորեն, այդ պատերազմն ընկալում էին որպես հնարավորություն իրական անկախություն ձեռք բերելու, բայց իրական անկախությունն, իրենց ընկալմամբ, Արցախի հանձնումն է: 2023 թ. հայտնի իրադարձություններից հետո իրեն ֆիկտիվ հանրապետական անվանող Գևորգ Պապոյանը ամերիկյան ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի իրական անկախությունը, եթե ուզում եք իրականությունը իմանալ, ձեռք է բերվել ոչ թե սեպտեմբերի 21-ին, այլ սեպտեմբերի 19-ին, այսինքն՝ այն օրը, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա: Նիկոլ Փաշինյանը և Գևորգ Պապոյանը նույն բանն են ասում: Ի՞նչ է իրենց համար անկախությունը նշանակում: Իրենց ընկալմամբ, դա այն է, որ Ռուսաստանից կախվածության մեջ չենք լինելու: Ի՞նչ է ստացվում. երբ, իրենց ձևակերպմամբ, Ռուսաստանից կախված էինք, ունեինք Արցախի Հանրապետությունը, 120 հազար մարդ իր պատմական հայրենիքում էր ապրում, ադրբեջանցիներն էլ Ջերմուկում չէին, դա Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի համար անկախություն չէր: Իրենք և իրենց գաղափարակից անձինք, որոնք, չգիտես ինչու, դիրքավորվել են ընդդիմության դաշտում, թեև հոգու խորքում, նաև իրենց հայտարարություններից ելնելով հասկանում ենք, որ ոչ պակաս նիկոլական են, քան Նիկոլ Փաշինյանը, գուբերնիա էին անվանում Հայաստանը: Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի մասին հայտարարությունները շատ տրամաբանական են, նա «բացում» է այն, ինչը երկար ժամանակ մտածել է:

Այստեղ վերադառնամ մեր զրույցի երկրորդ մասին: 1998 թ. փոփոխությունների ալիքը «սրբեց», տարավ այդ մարդկանց պետական կառավարման համակարգից, իշխանությունից, բայց հասարակական դաշտում այդ մարդիկ արմատավորվել էին, ինչի արգասիքն էլ եղավ այն, որ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Առանձնացրել էիք սոցիալական խնդիրները: Սա լավ հնարավորություն է քաղաքական ուժերի համար նախ փորձել իրենց ուժերը՝ հասարակությանը համախմբելու նաև սոցիալական հարցերի օրակարգի շրջանակներում, չհակադրել սոցիալականը և ազգայինը: Մեկ միլիոնից ավելի մարդ է ապրում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում: Տրանսպորտի թանկացումն անդրադառնում է մեկ միլիոն մարդու զգալի մասի ամենօրյա կենցաղային իրողությունների վրա: Եթե որոշ քաղաքական ուժեր հավակնում են գալ իշխանության, բայց այս հարցում չեն կանգնում քաղաքացիների կողքին, ապա քաղաքացիները պետք է հետևություն անեն, թե իրականում ինչով են զբաղված այդ քաղաքական ուժերը և որքանով նրանց հայտարարություններն աղերս ունեն իրականության հետ»,- եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չկարողացանք արժևորել մեր հաղթանակը և չհասունացանք անկախության համար․ Լիլիթ ԱրզումանյանՓոփոխություն` ամուր և երկարատև խաղաղությամբ, միայն Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ Հայաստան Պուտինի հետ հանդիպումից հետո տուժելու են բեռնափոխադրողները Ընկերներ էին, մեկը մոտոյով առաքում էր անում. Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաների մտերիմ Չինացի գիտնականները մի քանի առաջընթաց են գրանցել արևային էներգիայի ոլորտում Ձայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին Երևանում երկրաշարժ է եղել Բողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն. Գագիկ ԾառուկյանՍահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման․ Իրինա ՅոլյանԱրևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ» Ճգնաժամ, որը լուրջ վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության համար. «Փաստ» Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ» «Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ» Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ» Երևանում ներկայացվել են Հունաստանի և Կիպրոսի զբոսաշրջային նոր առաջարկները «Ազատ սոցոլիոգիա» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ» Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ» Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանՊետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծԹրամփը 100 տոկոս մաքսատnւրք է սահմանել դեղագործական ապրանքների ներմուծման համարՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ ՊեսկովԱՄՆ-ը սկսել է անել այն, ինչ ես Թրամփին խորհուրդ էի տվել վերջին բանակցությունների ժամանակ․ ԼուկաշենկոՀրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան Ժամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինԷրիկի նոր տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ Անելյա Գուբրյանը ՌԴ Սարատովի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԻրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արդյո՞ք ԱՄՆ նախագահը վստահ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը․ Արաղչի ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբՈւլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից Կիլիան Մբապեն խոստովանել է, թե որն է իր գլխավոր թերությունը խաղադաշտում Ոչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՔուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվելՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե ԴարբինյանՓորձում են պահել իշխանությունը՝ ժողովրդին շանտաժի երթարկելով․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումՏիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան