Ողբերգական դեպք․ տրակտորիստը տրակտորով, 30 մետր գլորվելով հայտնվել է ձորակում
ՀասարակությունԱյսօր, սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 09։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թաթուլ գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում «Բելառուս» մակնիշի տրակտորը կողաշրջվել է, և վարորդը տեղում մահացել է, ու նրա դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դին տրակտորի միջից դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա, այնուհետև Թաթուլի գյուղապետ Ալբերտ Հարոյանի և մի քանի գյուղացիների ու Թալինի ոստիկանների օգնությամբ դուրս են բերել տրակտորի միջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը
Դեպիք վայր է ժամանել նաև Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Վահան Աղգաշյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ի դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա․ Քոթանջյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը տրակտորով հերթական անգամ աշխատանքի մեկնելիս է եղել, երբ տրակտորն, անհայտ հանգամանքներում, հետընթաց մոտ 30 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում։