Պարոն Արայիկ Հարությունյան, չի կարելի այդքան անտարբեր մնալ ձեր հայրենակիցների նկատմամբ, դուք այդ 739 դիմորդներին և ընտանիքներին փորձում եք արհամարհել, դա ձեզ մոտ չի ստացվի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց բուհ չընդունված դիմորդներից մեկի ծնողը:
«Լավ իմացեք՝ եթե այսպես շարունակվի, մեր հաջորդ ակցիան լինելու է ձեր հրաժարականի պահանջով: Որովհետեւ դուք ձեր քայլերով չեք նպաստում նրան եւ չեք ընդունում, որ իրոք թյուրիմացություն է եղել, եւ պետք է խնդրին լուծում տալ: Դուք շատ անտարբեր եք ձեզ պահում: Մենք բոլորս պահանջում եք, որ շուտափույթ ներկայանաք ԱԺ եւ մասնակցեք այս հարցով քննարկմանը: Ու շտապ որոշում կայացնեք, այն որոշումը, որը մենք առաջարկել ենք: Արայիկ Հարությունյան, դուք հաստատ լսում եք, եկեք ներկայացեք ԱԺ քննարկմանը»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե նախարարը չգա, գնալու են ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց սպասեն:
Ծնողները վրդովված են, որ ԱԺ հանձնաժողովում այս հարցով քննարկմանը ԿԳՄՍՆ-ից որպես ներկայացուցիչ եկել է վարչության պետերից մեկը, ոչ թե նախարարը, կամ գոնե փոխնախարարը:
Հիշեցնենք, որ երեկ նրանք ակցիա արեցին նախ ԳԹԿ-ի դիմաց, ապա դարձյալ ԱԺ-ի։ Նրանք նաև նամակ հանձնեցին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահին։