«Քաղաքացու խնդիրներն իսկապես օրեցօր ավելանում են». Հակոբյան
ՀասարակությունԱպրիլի 1-ից բարձրանում է գազի գնի սակագինը: Շարունակվում է գնաճը: Ի՞նչ հետևանքներ է սա ունենալու բնակչության համար:
Բնականաբար, ավելանալու է քաղաքացու սոցիալ-տնտեսական բեռը, քանի որ գազի սակագնի թանկացումը ոչ միայն ավելացնում է կոմունալ ծառայությունների համար վճարվող գինը, այլև՝ շղթայական էֆեկտով հանգեցնելու է նոր թանկացումների: Ուզում եմ հիշեցնել, որ ավելացել են նաև ջրի և հոսանքի սակագները: Եվ այս իմաստով քաղաքացու խնդիրներն իսկապես օրեցօր ավելանում են:
Մյուս կողմից, բիզնեսն է կանգնում խնդիրների առաջ: Նույն ջերմոցային տնտեսությունները, վերամշակող ընկերությունները մրցունակ ապրանք թողարկելու խնդիր են ունենալու: Այստեղ շատ մտահոգիչ են գյուղատնտեսական ոլորտի առջև ծառացած մարտահրավերները: Պարարտանյութը թանկ է, ոռոգման ջրի խնդիր կա, բարձր բերքատվության պայմաններում կանգնում են մթերման խնդիրների առաջ, ցածր բերքատվության ժամանակ չեն կարողանում սպասարկել իրենց վարկային պարտավորությունները: Հիմա էլ սակագների թանկացումը:
Իսկ այդ ընթացքում՝ գյուղատնտեսության համար պատասխանատու էկոնոմիկայի նախարարության ղեկավարն աչքալուսանք է անում, որ գյուղմթերքի գները թանկանալու են, ուստի գրավիչ է հող մշակելը: Նախ, հող մշակելու համար նշված խնդիրները կարգավորեք, և հետո, ունե՞ք արդյոք քվոտավորում՝ ինչից ինչքան արտադրել, որքա՞նն եք երաշխավորում մթերման համար: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն առնվազն հիմա չեն երևում, փոխարենը տպավորություն է, որ հերթական պոպուլիստական հայտարարությունն է, որից, ցավոք, կարող է տուժել աշխատող ժողովուրդը:
Այս ամենին էլ գումարվում են այն տնտեսական մարտահրավերները, որ առաջանում են Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետևանքով: