Լավ լուր սահմանամերձ համայնքի բնակիչների համար
ՀասարակությունԿառավարությունն այսօրվա նիստով գումար կհատկացնի սահմանամերձ մի շարք համայնքներին, որպեսզի թեթևացնի տեղի բնակիչների առօրյա հոգսերը։ Մասնավորապես, նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծով նախ հիշեցվում է նախկինների օրոք ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավվելու նպատակով ընդունված ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշումը, որով սահմանվում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը։
Ըստ նախագծի՝ 2021 թվականի ՀՀ պետական բյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է 1մլրդ 155 մլն 205 հազար 800 դրամ գումար, և սույն նախագծով նախատեսվում է այդ գումարի բաշխումը այն մարզերի միջև, որոնց համայնքներն ընդգրկված են ՀՀ կառավարության N 1444-Ն որոշմամբ փոխհատուցում ստացող համայնքների ցանկում:
Վերոնշյալ գումարը տրամադրվում է ՀՀ Արարատի (թվով 2), Գեղարքունիքի (թվով 3), Վայոց Ձորի (թվով 2), Սյունիքի (թվով 5), և Տավուշի (թվով 11) մարզերի 23 սահմանամերձ համայնքների 81 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով:
Փաստորեն, այս իշխանությունները մի կողմից թույլ են տալիս, որ հոսանքը, գազը, ջուրը և կոմունալ մյուս ծառայությունները թանկանան, մյուս կողմից մեր հարկերի հաշվին գումարներ են ուղղում սահամանամերձ համայնքներին, որպեսզի փոխհատուցեն իրենց թեթև ձեռքով թանկացած գազի, ջրի, լույսի վարձավճարները։ Եւ այս նախագիծը, ի տարբերություն օրակարգում ընդգրկված մյուս հարցերի, զեկուցվող է, քանի որ ունի ակնհայտ պոպուլիստական բնույթ։ Այն Նիկոլ Փաշինյանի համար կարող է հնարավորություն ընձեռել ժողովրդի հաշվին ժողովրդի վրա լավություն ծախողի դիրքերից պոպուլիստական ելույթներ ունենալ և դրանցով փակել իր ապաշնորհ քաղաքականության հետևանքով տուժած քաղաքացիների բերանները։