Սա արդեն լուրջ է. մեծ պատերազմից «հինգ» րոպե պակաս
Հասարակություն1in.am- Ինքնահռչակ Դոնբասի ղեկավարությունը հայտարարել է, որ սկսել է բնակչության կազմակերպված զանգվածային տարհանում դեպի Ռուսաստան՝ Ռոստովի մարզ: Նրա խոսքով, Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել ապահովել տարհանվածներին կացարանով: Ըստ նույն աղբյուրի, Ուկրաինայի նախագահ Զելենսկին առաջիկայում կտա գրոհի հրաման:
Այդպիսով, ակնհայտ է, որ ուկրաինական ուղղությամբ իրավիճակը ընդհուպ մոտեցել է լայնամասշտաբ բախման և շատ դժվար է պատկերացնել դրանից խուսափելը, թեև փետրվարի 18-ին Մոսկվայում ընդունելով Լուկաշենկոյին, Պուտինը կարծես թե ակնարկեց, թե լարվածությունից խուսափելու տարբերակը այն է, որ Կիևը ուղիղ բանակցություն սկսի Դոնբասի հետ: Ամբողջ հարցն այն է սակայն, որ Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը դա համարում է քաղաքական մահվան հավասարազոր, կտրականապես հրաժարվելով այդ տարբերակից: Կհաջողվի՞ խուսափել մեծ բախումից, ինչպե՞ս կօգտագործեն վերջին «հինգ րոպեն» խոշոր խաղացողները, չափազանց բարդ է ասել: ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, ՆԱՏՕ-ն կոչ են անում Ռուսաստանին շարունակել բանակցությունն անվտանգության հարցերի շուրջ, սակայն Մոսկվան հայտարարում է, որ պատասխանները չեն բավարարում իրեն և իր պայմաններից որևէ մեկի հարցում չկա ընդառաջ քայլ: Այդ ամենին Հայաստանում հետևում են բավականին տագնապալից հայացքով, միանգամայն հասկանալի քաղաքական և ռազմա-քաղաքական պատճառներով:
Բանն այն է, որ Ուկրաինայի ուղղությամբ մեծ բախումը լի է Կովկասում բավականին մեծ ռիսկերով ու մարտահրավերներով, որոնք առանց այդ էլ մեղմ ասած քիչ չեն: Միաժամանակ, խնդիրները լոկ անվտանգային չեն: Այստեղ կան այլ էական հարցեր: Մասնավորապես, ռազմական բախման դեպքում հաջորդելու է խիստ պատժամիջոցների փաթեթ Ռուսաստանի նկատմամբ: Հաշվի առնելով Հայաստանի տնտեսական կյանքում Ռուսաստանի բազմաշերտ դերը, այստեղ առաջանում են ռիսկեր: Արդյո՞ք Մոսկվան հոգացել է տնտեսական պատժամիջոցների դեպքում անվտանգության բարձիկի մասին: Արդյո՞ք Պուտինն այդ խնդիրը փորձել է լուծել Չինաստանի հետ բանակցությամբ, ուր մեկնել էր ձմեռային օլիմպիադայի մեկնարկին: Ի դեպ, օլիմպիադան ավարտվում է երկու օր անց՝ փետրվարի 20-ին: Փաստորեն, Ռուսաստանը «չհարամեց» չինական օլիմպիադան, ինչն ըստ տարբեր ոչ պաշտոնական աղբյուրների՝ Պուտինին խնդրել էր Սի Ցզինպինը: Արդյո՞ք Չինաստանը խոստացել է օգնել տնտեսական խնդիրների պարագայում, պայմանով, որ Պուտինը հարձակումը հետաձգի օլիմպիադայից հետո: Շատ բարդ է ասել, հատկապես նաև այն փորձագիտական գնահատականների պարագայում, որոնց հեղինակները համոզմունք են հայտնում, որ Սի Ցզինպինը չի աջակցել ռազմական գործողության Պուտինի մտադրությանը:
Ավելին՝ այստեղ