Ադրբեջանցիները հիացած են հայկական մշակույթով (տեսանյութ)
ՀասարակությունYoutube-ում Traditional Armenian Garments (Հայկական ավանդական հագուստ) անվանումով մի էջ կա, որը մտնելիս բերում է հայկական տարազների ցուցադրություն և զուգահեռ հնչում է հայկական ժողովրդական «Կանչում եմ, արի, արի» երգը՝ Վիգեն Հովսեփյանի կատարմամբ։
Էջը բացվել է 9 տարի առաջ և ունի 2.3 մլն դիտում և մոտ 1900 մեկնաբանություն՝ տարբեր ազգերի ներկայացուցիչների կողմից։ Մայրս հաճախ է յութուբով ժողովրդական երգեր լսում, այդ թվում՝ Վիգեն Հովսեփյանի կատարումները, ու երբեմն ուսումնասիրում է նաև երգի տակ եղած մեկնաբանությունները։ Այսօր պատահաբար նկատեց, որ Traditional Armenian Garments էջի տակ ռուսերենով մեկնաբանություն են թողել նաև ադրբեջանցիները՝ հիացմունքի խոսքեր արտահայտելով հայկական մշակույթի նկատմամբ։ Նայեցի մեկնաբանություններն ու հասկացա, որ ինչպես ադրբեջանցի, այնպես էլ ռուս և օտարազգի այլ օգտատերերի մեկնաբանությունները հիմնականում վերաբերում են տեսանյութում լսվող հայկական մաքրամաքուր ու զուլալ երգի հնչյուններին, ոչ թե ցուցադրվող տարազներին։
Եւ ամենաուշագրավը, իսկապես, մեզ կոտորած ու մեր մշակույթի գոհարները պարբերաբար «սեփականաշնորհող» հարևան երկրի ներկայացուցիչների մեկնաբանություններն էին։
ELSHAD անունով օգտատերն, օրինակ, գրել է, որ ինքն ադրբեջանցի է, բնակվում է Ուզբեկստանում, և իր տպավորություններով կիսվել էր տեսանյութում հնչող երգի և այն կատարողի մասին․ «Շատ գեղեցիկ հայկական երաժշտություն է և ձայնն ուղղակի հրաշալի է։ Թող աստված բոլորին առողջություն տա։ Թող անիծվի այս պատերազմը, և ոչ ոք թող չկռվեցնի Հայաստանին և Ադրբեջանին։ Հարգանքով Հայաստանի և այնտեղ բնակվողների նկատմամբ»։
Nil Bagci անունով մի օգտատեր էլ գրել է, որ ինքը Ֆրանսիայում ապրող ադրբեջանուհի է և ավելացրել․ «Քո երգը այնքան հրաշալի է, որ հանգստացնում է իմ հոգին։ Թող Աստված խաղաղություն և սեր բերի մեր երկու ժողովուրդների միջև»։ Եւ այսպես շարունակ։
Բնականաբար այս ադրբեջանուհին էլ իր հիացմունքն արտահայտել է Վիգեն Հովսեփյանի կատարման և հայկական ժողովրդական երգի վերաբերյալ, ոչ թե ցուցադրվող տարազների։ Նույնը արտահայտվում է նաև իսպանացի, իտալացի, հնդիկ և այլ ազգերի ներկայացուցիչների մեկնաբանություններում է՝ նրանց գերել է Վիգեն Հովսեփյանի կատարումն ու հայկական հնչյունները։
Քանի որ հիացմունքը ավելի շատ երգչի ու երգի նկատմամբ էր, որոշեցինք ուսումնասիրել հենց Վիգեն Հովսեփյանի պաշտոնական յութուբյան էջում տեղադրված «Կանչում եմ, արի, արի» երգի տակ եղած մեկնաբանությունները։ Հոլովակն ունի մոտ 300 հազար դիտում, այս պահի դրությամբ կա 243 մեկնաբանություն, որտեղ հիմնականում դարձյալ օտարազգի օգտատերերի հիացական մեկնաբանություններն են՝ դարձյալ նույն կատարողի ու նույն երգի վերաբերյալ։ Այստեղ ևս կան ադրբեջանցի, նաև թուրք օգտատերերի դրական մեկնաբանություններ հայկական մշակույթի վերաբերյալ։
Դժվար է ասել, սրանք իրական և անկեղծ մեկնաբանաություննե՞ր են՝ թշնամական ազգերի ներկայացուցիչների կողմից, թե՞ սա ևս մտնում է թուրք-ադրբեջանական կեղծ բարեկամության քաղաքականության և քարոզի մեջ, բայց փաստն այն է, որ մեր թշնամի ժողովուրդների ներկայացուցիչներն իրենց հիացմունքն են արտահայտում հայկական մշակույթի նկատմամբ։

