ՊՆ. Ուկրաինայում ռազմական դրություն դեռ չի մտցվի
ՀասարակությունՈւկրաինայում ռազմական դրություն դեռ չի մտցվի, քանի որ դրա համար բավարար հիմքեր չկան։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը, փոխանցում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։
«Վստահ եմ, որ այսօր հատուկ իրավական ռեժիմ մտցնելու հիմքեր բացարձակապես չկան։ Միայն մեդիա տարածքի կարգավորման կամ նորմալ վիճակի բերելու համար ոչ մի դեպքում չի կարելի դա անել»,- ընդգծել է Ռեզնիկովը։
Ռեզնիկովը բացառել է Բելառուսի տարածքից Կիեւի վրա ռուսական զորքերի հարձակման հնարավորությունը։ Դա անհնար է մի շարք աշխարհագրական գործոնների պատճառով, ասել է նախարարը։ «Ազնվորեն եւ անկեղծորեն ասում եմ, որ ես այդ սցենարին չեմ հավատում: Կիեւի վրա հարձակում հնարավոր է միայն հյուսիսից, այսինքն՝ Բելառուսի Հանրապետության տարածքից։ Մի մոռացեք, որ մենք Բելառուսի հետ հազարավոր կիլոմետրեր ունենք, որից մոտ 750 կիլոմետրը ճահիճներ, թավուտներ են, շատ դժվար տեղանք, ուստի ամեն տեղ չէ, որ հեշտ է անցնել այդ սահմանը»,- ասել է Ռեզնիկովը։
Նրա խոսքով՝ Բելառուսում կա 250 կմ հատված, որտեղ հեշտությամբ կարելի է հատել սահմանը, սակայն այն ավելի մոտ է Լեհաստանին։ Ուստի, աշխարհագրության տեսանկյունից, հյուսիսից դժվար կլինի հարձակվել Կիեւի վրա։
Բացի այդ, Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը Ռեզնիկովի հետ հեռախոսազրույցում հավաստիացրել է, որ բելառուս-ռուսական զորավարժությունները պաշտպանական բնույթ են կրում եւ որ «Բելառուսի կողմից ագրեսիվ գործողություններ չեն լինի»։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը հայտարարել էր, որ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը փետրվարի 16-ին կամ 17-ին Ուկրաինայի վրա ռուսական հարձակման վտանգը չի տեսնում: