ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունը՝ պայմանագրայինների աշխատավարձի վերաբերյալ
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի ֆինանսավորման հետ կապված որևէ խնդիր չկա:
«Ի պատասխան լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկության, թե ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայողների դեկտեմբեր ամսվա աշխատավարձը փոխանցվել է միայն մասամբ, ինչպես նաև պնդումների, թե դա պայմանավորված է թերի ֆինանսավորմամբ՝ հայտնում ենք, որ աշխատավարձերի ֆինանսավորման հետ կապված որևէ խնդիր չկա, իսկ պայմանագրայինների դեկտեմբեր ամսվա վարձատրության հետ կապված առկա է թյուրըմբռնում, քանի որ տվյալ վարձատրությունը ձևավորվում է երկու հիմնական գումարից՝ բուն աշխատավարձից և հավելավճարից, որը կախված է ծառայության պայմաններից և տեղանքից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՊՆ տարածած հայտարարության մեջ:
Պաշտպանության գերատեսչությունից հայտնում են, որ միևնույն ժամանակ իրականությանը չի համապատասխանում նաև պնդումը, թե ՊՆ առանձին ստորաբաժանում, այս դեպքում՝ Ռազմական ոստիկանությունը, պարգևավճար է ստացել։