Թուրքական անօդաչուն հարված է իրականացրել Սիրիայի քրդական Քոբանի շրջանում
ՀասարակությունԹուրքական ՌՕՈւ անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Սիրիայի հյուսիսային Քոբանի շրջանի բնակելի տներից մեկին։ Այս մասին շաբաթ օրը տեղեկացրել է Firat քրդական գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա տվյալներով՝ գրոհի հետեւանքով զոհվել է երկու մարդ, եւս յոթ հոգի վիրավորվել է։ Քոբանին (արաբերեն անվանումը՝ Այն էլ Արաբ) գտնվում է Հալեպից 126 կմ հեռավորության վրա, Եփրատի արեւելյան ափին։ Այդ քաղաքում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈւ) մարտիկները իրենց առաջին հաղթանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարել են 2015թ.։
Firat գործակալությունը չի նշում՝ կա՞ն արդյոք թուրքական գրոհից զոհվածների մեջ քուրդ մարտիկներ։ Քոբանին եւ նրա հարեւան Մանբիջը (Հալեպից 40 կմ հեռու) ԺԻՈւ ջոկատների հենակետերն են, որոնք հարձակումներ են գործում թուրքական զորքերի եւ Անկարայի կողմից աջակցվող սիրիական զինված ընդդիմության կազմավորումների դեմ։