ԱՀԿ-ն հայտնել է, թե երբ կավարտվի պանդեմիան
ՀասարակությունԱռողջապահության համաշխարհային կազմակերպության թիմը կարծում է, որ 2022 թվականը կդառնա պանդեմիայի ավարտի տարի, որն արդեն ողջ աշխարհում խլել է ավելի քան 5․6 մլն մարդու կյանք։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Մասնագետները հույս են դնում երկրորդ և երրորդ սերնդի պատվաստանյութերի մշակման, ինչպես նաև հակամանրէային դեղամիջոցների և բժշկության ոլորտում այլ նորարարությունների զարգացման վրա։
«Հուսով ենք, որ հիվանդությունը կդառնա համեմատաբար թեթև, և մենք կկարողանանք այն հեշտությամբ բուժել»,-ճեպազրույցում ասել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների հարցերով գլխավոր փորձագետ Մայք Ռայանը։
ԱՀԿ տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն էլ իր հերթին ասել է, որ Չինաստանը, որտեղ 2019-ի վերջին առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսը, պետք է տվյալներ ներկայացնի՝ կապված վիրուսի ծագման հետ՝ օգնելու հետագա արձագանքմանը։
«Եթե կարողանանք նվազագույնի հասցնել վիրուսի փոխանցումը, ապա կարող ենք վերջ տալ պանդեմիային»,-հայտարարել է Գեբրեյեսուսը։
Նա նաև ասել է, որ 2021 թվականին քովիդից աշխարհում մահացել է 3․3 մլն մարդ, ինչը գերազանցում է ընթացիկ տարում ՄԻԱՎ-ից, մալարիայից և տուբերկուլյոզից մահվան դեպքերի ընդհանուր թիվը։