Հրապարակվել են Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակումները ներկայացնող արբանյակային լուսանկարներ
ՀասարակությունPolitico-ն հրապարակել է արբանյակային լուսանկարներ, որոնք իբր հաստատում են վերջին տեղեկություններն առ այն, որ Ռուսաստանը կրկին զորքեր և զինտեխնիկա է կենտրոնացնում Ուկրաինայի հետ սահմանին։
Լուսանկարներն արվել են երկուշաբթի՝ նոյեմբերի 1-ին, Maxar Technologies-ի կողմից, գրում է թերթը։ Դրանց վրա, ըստ հրապարակման, կարելի է տեսնել ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ տանկերի կուտակում Սմոլենսկի մարզի Ելնյա քաղաքի մոտ։ Ելնյան գտնվում է Բելառուսի հետ սահմանի մոտ՝ Ուկրաինայի հետ սահմանից մոտ 250 կմ հեռավորության վրա։
1-ին գվարդիական տանկային բանակի տեխնիկայի տեղափոխումն այնտեղ, ըստ հրապարակման, սկսվել է սեպտեմբերի վերջին։ Ինչպես հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով ռազմական թեմաներով Jane’s բրիտանական հրատարակության տվյալները, Ռուսաստանի 4-րդ տանկային դիվիզիայի տեխնիկան տեղափոխվել է Բրյանսկի և Կուրսկի շրջակայք՝ Ուկրաինայի հյուսիսային սահմանից ոչ հեռու։

Ստորաբաժանումները համալրված են Տ-80ՈՒ մարտական տանկերով և ինքնագնաց հրետանային կայանքներով։ Հրապարակումը պնդում է, որ տարածքում նկատվել են նաև 1-ին գվարդիական տանկային բանակի ստորաբաժանումներ։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի սկզբի դրությամբ ուկրաինական սահմանների մոտ և ժամանակավոր օկուպացված տարածքներում տեղակայված է մոտ 90 000 ռուս զինծառայող։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել։