Երեխան ցրտահարվել և մահացել է, մինչ ծնողները քնած են եղել
Հասարակություն
ՌԴ Խակասիայի Հանրապետությունում ծնողներն իրենց տան բակում գտել են յոթամյա դստեր՝ ցրտից սառած, անշնչացած մարմինը։ Life-ի աղբյուրի փոխանցմամբ, մահացած աղջիկը զարգացման լուրջ խանգարումներ է ունեցել։
Թե որքան ժամանակ է երեխան մնացել փողոցում, պարզ չէ։ Հայտնի է, որ աշակերտուհու դին հայտնաբերվել է հոկտեմբերի 28-ի առավոտյան ժամը 11-ի սահմաններում։ Ծնողները հավաստիացրել են, որ տեսել են, թե ինչպես է երեխան հոկտեմբերի 27-ի երեկոյան պառկել մանկասենյակում։ Երեխան թեթև հագուստով է եղել՝ առանց գուլպաների։
Ի դեպ, այդ գիշեր օդի ջերմաստիճանը -7 աստիճանից ցածր է եղել։ Երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այս պահին իրավապահները հակված են այն վարկածին, որ աշակերտուհին գիշերը դուրս է եկել այգի և ապակողմնորոշվելով՝ քնել է դրսում, իսկ հետո սառել և մահացել։

Աղբյուրի զրուցակիցը նշել է, որ աղջիկը մտավոր հետամնացություն է ունեցել, սովորել է հատուկ դպրոցի առաջին դասարանում։ Հիվանդության պատճառով երեխան չի խոսել և չափազանց անհանգիստ է եղել, ուստի տանը գրեթե ամենուր փոքրիկ կողպեքներ են կախված եղել։
Տանը, բացի մուտքի դռնից, եղել է նաև դեպի կաթսայատուն տանող դուռ, որը կողպված չի եղել, հենց դրանով էլ աղջիկն, ամենայն հավանականությամբ, գիշերը դուրս է եկել։ Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ «Անզգուշությամբ մահ պատճառելը» հոդվածով:
Ավելին՝ այստեղ