Կարտոֆիլի գինը դեռ կբարձրանա՝ հասնելով 500 դրամի․ Հրաչ Բերբերյան
ՀասարակությունՀայաստանում 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն՝ բանջարեղենի գնաճը կազմել է 64,5%:
Կարտոֆիլի պարագայում եթե հունվար (-17.6%), փետրվար (-15.5%), մարտ (-13,9%), մայիս (-13,6%), հունիս (-18,9%) ամիսներին արձանագրվել է գնանկում, սեպտեմբերին կարտոֆիլի գնաճը կազմել է 66,7%:
ՀՀ ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է, որ իրենք դեռ ամիսներ առաջ էին կանխատեսել, որ գյուղատնտեսական ապրանքների գները բարձրանալու են։
«Մենք սրա մասին խոսել ենք դեռ գարնանը, որ շեշտակի պակաս ունենք կարտոֆիլի ցանքատարածությունների, նույնը կաղամբի պարագայում։ Անցյալ տարի մեծ քանակությամբ կաղամբ գյուղացին ուղղակի թափեց։ Գազարի, բազուկի ցանքատարածություններն էլ են պակասել․․․»։
Բերբերյանը ստեղծված իրավիճակի մեջ մեղադրում է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին, ով, ըստ նրա, չկարողացավ ոռոգման ժամանակաշրջանը ճիշտ կազմակերպել։
«Միայն Շիրակի մարզում ունեցանք 40-50 տոկոս բերքի անկում։ Տգիտության խնդիր է, որ չեն մտածել գյուղացու մասին։ Կարծում եմ՝ ջուրը վաճառվել է»,- ասում է Բերբերյանը։
Անդրադառնալով կարտոֆիլի գնաճին՝ Բերբերյանը նշեց․
«Պատահական թիվ չասաց նախարարը՝ 30.000 տոննա կարտոֆիլ է արտահանվել։ Մի կողմից մեր ազգաբնակչությունն է, որը անցյալ տարվա համեմատ 3 անգամ թանկ է վճարում կարտոֆիլի համար, որը որ երկրորդ հացն է։ Բայց պետք է նաև հասկանանք, որ եթե հացի մեկ կիլոգրամի համար վճարում ենք 500 դրամ, բայց որ կարտոֆիլը մի քիչ թանկացավ, և գյուղացին շահույթ ստացավ, բողոքում ենք։
Բայց ես կարծում եմ, որ կարտոֆիլի գինը դեռ կբարձրանա՝ հասնելով 500 դրամի։
Բայց հիմա տեսեք, ասենք թե արգելեն, սահմանը փակեն, թույլ չտան, որ արտահանվի, ո՞վ է հոգալու հայ գյուղացու մասին, որ հաջորդ տարի սերմ ձեռք բերի, որ հողը մշակի, վարի։ Աշնանը արդեն պետք է վարի։ Էդ բենզինն ու դիզվառելիքը, որ թանկացնում եք գյուղացու վրա, գյուղացին օդի՞ց է այդ գումարը ձեռք բերելու։ Մյուս կողմից էլ արտադրող գյուղացին է կանգնած․․․ Սա պետք է հաշվի առնել»։