Տեղի բնակչի վարկով գնած ոչխարներին ադրբեջանցիները հափշտակել են, վարկային կազմակերպությունը պահանջում է վճարել վարկը․ՄԻՊ
ՀասարակությունՍյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ Նազիկ Բաղդասարյանի վարկով գնած 120 ոչխարները պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողներն այդպես էլ չեն վերադարձրել, բայց վարկային կազմակերպությունը շարունակում է պահանջել վճարումները։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Չնայած հափշտակված սեփականությունն այլեւս չկա, տիկին Բաղդասարյանը վարկային կազմակերպությանը շարունակում է նույն պայմաններով վճարել գումարը եւ վերջնական մարումների համար դեռ 3 տարի ունի:
Կինն այս պահին անտոկոս վարկ ստանալու հարցում դժվարություններ ունի, քանի որ որդին մեկ ամիս ուշացրել է վճարումը հենց այն ժամանակահատվածում, երբ պատերազմի ժամանակ գտնվել է սահմանին:
Տիկին Բաղդասարյանը Տեղ համայնք իմ այցի ընթացքում տեղեկացրեց, որ հատուցման համար դիմել է ՀՀ Սյունիքի մարզպետարան եւ 120 ոչխարի համար ստացել է ընդամենը 100.000 ՀՀ դրամ հատուցում: Բայց այս հարցերն այնպիսին են, որ համակարգային լուծում են պահանջում:
Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքների պատճառով բազմաթիվ մարդիկ են ընկել այսպիսի պատմությունների մեջ:
Մարդիկ զրկվել են սեփականության իրավունքից, եկամուտը վաստակելու հնարավորությունից եւ բախվել են սոցիալական լուրջ խնդիրների: Մենք արձանագրել ենք այս այցի ընթացքում վեր հանված խնդիրները:
Ավելին՝ այստեղ