Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ կա 1 զոհ, 3 վիրավոր
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է․
Այսօր, հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20 կմ հատվածում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մի քանի մետր գլորվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարները, Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը Արտաշատի, 2-ը Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գխավորությամբ։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր ՃՈ հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը մահացել է։ Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Ավելին՝ այստեղ