Երբ, ինչպես և ինչ դիմակ կրել
ՀասարակությունԿորոնավիրուսի տարածման կանխարգելման և առողջ մարդկանց շրջանում
վարակման ռիսկի նվազեցման նպատակով պետք է կիրառել պաշտպանիչ դիմակներ:
Դրանք կարող են լինել չափորոշիչներին համապատասխան արտադրված բժշկական
դիմակներ կամ, վերջիններս ձեռք բերելու անհնարինության դեպքում՝ որպես
այլընտրանք, կտորե, ինքնաշեն դիմակներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:
Ցանկացած դիմակ պետք է պատշաճ կրել` արդյունավետությունն ապահովելու և վարակի տարածումը կանխելու համար:
Բժշկական դիմակը (նաև՝ վիրաբուժական դիմակ) բաղկացած է երեք շերտից,
միջինը՝ ֆիլտրող, ունի նաև ալյումինե ճկուն լար՝ քթի ձևին համապատասխան
դեմքին հարմարեցնելու համար: Ֆիլտրող շերտը պաշտպանում է վիրուսներով և
մանրէներով կաթիլներ շնչելուց:
Բժշկական դիմակը մեկանգամյա կիրառման արտադրատեսակ է, որը պետք է
առավելագույնը 4 ժամ մեկ փոխել, քանի որ շնչառությունից խոնավանալով՝
ֆիլտրող շերտը կորցնում է իր պաշտպանիչ հատկությունը:
Բուժաշխատողները, պացիենտները և նրանց խնամողները պետք է կրեն բժշկական դիմակ։
60 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց ևս անհրաժեշտ է կրել բժշկական դիմակ։
Բժշկական դիմակ պետք է կրել նաև հանրային տրանսպորտից օգտվելիս և
սպասարկման ոլորտում, ինչպես նաև առևտրի կենտրոններում ծառայություններ
մատուցելիս։
Բժշկական դիմակ ձեռք բերելու հնարավորության բացակայության դեպքում
կարելի է օգտագործել նաև ինքնաշեն կտորե դիմակ: Այն պետք է համապատասխանի
մի շարք պահանջների, մասնավորապես` ապահովի հեշտ շնչառություն, լինի
եռաշերտ, ընդ որում` ներքին շերտը բամբակե, միջին շերտը պոլիպրոպիլեն,
արտաքին շերտը՝ պոլիեսթեր կամ պոլիեսթերի խառնուրդ:
Պետք է ընտրել այնպիսի գործվածք, որը հնարավոր է լվանալ բարձր
ջերմաստիճանում։ Խորհուրդ չի տրվում օգտագործել մեկ շերտով սինթետիկ
դիմակներ։