ԱՀԿ-ն հայտնել է, որ եվրոպական երկրները պետք է պատրաստ լինեն կորոնավիրուսի վերադարձին
Հասարակություն
Եվրոպական երկրները պետք է պատրաստվեն նոր
կորոնավիրուսի վերադարձին։ Այդ մասին հայտնել է Առողջապահության
համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի
ղեկավար Հանս Կլյուգեն լրագրողների հետ օնլայն ճեպազրույցի ժամանակ։
«Մենք պետք է օգտագործենք մեր ունեցած յուրաքանչյուր
հնարավորություն, որպեսզի նախապատրաստվենք և ավելացնենք ինչպես արտակարգ
իրավիճակներում բուժօգնության մատուցման համակարգի, այնպես էլ պլանային
բուժօգնության մատուցման համակարգի պատրաստվածության մակարդակը։ Այլ կերպ
ասած՝ մենք պետք է լավագույնի հույս ունենանք, բայց պատրաստվենք
վատագույնին, այն է՝ COVID-19-ի վերադարձին, որը կարող է գրավել երկրներ,
տարածաշրջաններ, քաղաքներ և առանձին շրջաններ։ Ինչպես ասվում է ժողովրդական
առածում. «Ճտերն աշնանն են հաշվում». մեր աշխատանքի արդյունքները կախված
են նրանից, թե ինչ միջոցներ ենք մենք ձեռնարկում այսօր», – ասել է
Կլյուգեն։
ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավարի խոսքով, COVID-19-ի
համաճարակը նախկինի պես ակտիվ փուլում է գտնվում շատ երկրներում։
«Շատ կարևոր է, որ մենք շարունակենք վերականգնել և կառուցել
նորմալ կյանքը ընդհանուր կարանտինից հետո, սակայն պակաս կարևոր չէ, որ
երկրների պետական մարմինները բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկեն և ուժ
ներդնեն, որպեսզի ստեղծեն համաճարակային իրավիճակի վերահսկման ակտիվ
համակարգ, որը թույլ կտա հայտնաբերել հիվանդության դեպքերը, կատարել
թեստավորում և հետևել վարակվածների կոնտակտավորներին, որպեսզի
վարակվածության ցուցանիշի բարձրանալու դեպքում առաջիկա շաբաթների և
ամիսների ընթացքում խուսափեն նոր ընդհանուր կարանտին սահմանելու
անհրաժեշտությունից, որը կապված է ֆինանսական մեծ ծախսերի հետ», – ասել է
ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավարը։
Հանս Կլյուգեն նաև հիշեցրել է, որ մի շարք երկրներում դպրոցների բացումը հանգեցրել է նոր դեպքերի աճի։